Չին-ամերիկյան հարաբերություններն ու դրանց ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա
Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները կշարունակեն մնալ աշխարհի ամենակարևոր երկկողմ հարաբերությունները:
Ներկա փուլում հարաբերությունները հակամարտային բնույթ են ձեռք բերել: ԱՄՆ-ը հայտարարել է իր՝ շրջադարձ դեպի Հնդկա-ասիա-խաղաղօվ- կիանոսյան տարածաշրջանի ռազմավարության մասին, Չինաստանին զսպելու համար ստեղծել է երկու մեխանիզմ՝ «Անվտանգության քառակողմ երկխոսությունը» (QUAD), որի մեջ ընդգրկված են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Հնդկաստանը, Ճապոնիան և «Ավստրալիա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ»-ը (AUKUS): ԱՄՆ-ը Չինաստանի դեմ օգտագործում է նաև Թայվանի, Սինծիանի, Հոնկոնգի, Տիբեթի հիմնահարցերը, որոնց միջոցով փորձում է լիբերալ արժեհամակարգով առաջնորդվող երկրներին համախմբել Չինաստանի դեմ՝ վերջինիս մեղադրելով մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ոտնահարման մեջ, ինչը ևս վատթարացնում է երկկողմ հարաբերությունները: Վերլուծելով վերոհիշյալ փաստերը՝ կարելի է նշել, որ ԱՄՆ-ը Չինաստանի դեմ օգտագործում է «Հարձակողական ռեալիստների տեսությունը», որի միջոցով փորձում է խոչընդոտել Չինաստանի հետագա զարգացումը, մեկուսացնել նրան և թույլ չտալ, որ այն իր փոխարեն դառնա աշխարհի հեգեմոն ուժը՝ իրականացնելով Ռեալիզմի «Ուժի փոփոխության տեսության» հիմնադրույթները: Համենայն դեպս կարևոր է նաև նշել, որ թեև ԱՄն-ը և Չինաստանն ունեն քաղաքական լուրջ տարաձայնություններ, բայց գիտակցում են տնտեսական հարաբերությունների կարևորությունը: Այս փաստարկն ապացուցվում է ՄԱԿ Վիճակագրության բաժնի հրապարակած տվյալներով: 2021 թվականին չին-ամերիկյան երկկողմ առևտուրը կազմել է շուրջ $692.6 միլիարդ, որն ավելի էր քան 2020 թվականի $581.8 միլիարդը (UN Comtrade):
*Հոդվածն ադապտացված է Մհեր Սահակյանի ««Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր» դասընթացի ուսումնամեթոդական ձեռնարկից: Տպագրվում է հեղինակի համաձայնությամբ:
Հեղինակի Մասին

Ք.գ.թ. Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր ղեկավարն է: Նա Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow է: 2020 թվականին ընտրվել է Վիեննայի Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ: Սահակյանը նախաձեռնել և հիմնադրել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը, «Հայաստան-Չինաստան» ակադեմիական դիվանագիտության ֆորումը: Նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: Նա հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվկած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է: 2021թ.-ի մայիսին ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի «Մեծ տերությունների արդի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում. հնարավորություններ և մարտահրավերներ Ծոցի երկրների համար» աշխատությունը: 2021 թվականի սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ և համախմբագրությամբ բրիտանական Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան և Եվրասիա. Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը: Նա նաև հանդիսանում է Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի կողմից հրատարակած «Իրանը միջազգային համակարգում. մեծ տերությունների և մեծ մտքերի մեջտեղում», ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում», ԲՌԻԼԼ հրատարակչության «Վերաիմաստավորելով Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դերը «Մուլթիփլեքս» աշխարհակարգում» գրքերի գլուխների հեղինակ: Հեղինակել է նաև գիտական, վերլուծական հոդվածներ Հոնկոնգի համալսարանում, Վիեննայի խաղաղության ինստիտուտում, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում և այլն:
Նյությում օգտագործված նկարի աղբյուրը՝ https://www.fmprc.gov.cn/mfa_eng/zxxx_662805/202111/t20211116_10448843.html
Leave a Reply