“Չինացիները լավ են պատկերացնում իրենց շահերն ու երբեք չեն զիջում, եթե չեն տեսնում սեփական օգուտը”
Հղումը՝http://www.armedia.am/?action=Exclusive&what=show&id=1247174149&lang=arm
Մհեր Սահակյան
Չինաստանում Հայկական ուսանողական
միության ղեկավար,
ՉԺՀ Նանջինգի համալսարանի Միջազգային
հարաբերությունների ասպիրանտ,
Հոնգ Կոնգի ու Չինաստանի Հայկական
համայնքի Գործադիր կոմիտեի ան
-Ինչո՞ւ որոշեցիք հենց Չինաստանում սովորել
– Նախ ասեմ, որ սովորել եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուտլետում, ԳԱԱ արևելագիտության մագիստրատուրայում, Իրանի Իմամ Խոմեյնու անվան Միջազգային համալսարանում, ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում: Մոտ 12 տարի ուսումնասիրում եմ Արևելքը: Հավատացած եմ, որ Երևանում նստած՝ պարզապես հնարավոր չէ հասկանալ Արևելքը:
Այն հասկանալու համար բառիս բուն իմաստով պետք է ճաշակել տարածաշրջանի հացն ու ջուրը, շնչել այդ օդը, կանգնել այդ հողի վրա…
Դաշտային աշխատանքներ կատարելու համար բազմիցս ճամփորդել եմ Իրան, Եգիպտոս, Չինաստան, եղել եմ այս երկրների բազմաթիվ քաղաքներում, գյուղերում…
Միշտ փորձել եմ հայտնվել այնտեղ, որտեղ հայկական հետքեր եմ նշմարել…
Մասնագիտական հետաքրքրվածությունն էր պատճառը, որ որոշում կայացրեցի սովորել Չինաստանում: Երկար ուսումնասիրություններից հետո կանգ առա Չինաստանի լավագույն բուհերից մեկի՝ Նանջինգի համալսարանի վրա, դիմեցի բուհի կողմից հայտարարված մրցույթին, որի մասին տեղեկություն ստացել էի ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի շնորհիվ, հաղթեցի, հավաքեցի ճամպրուկներս ու ուղևորվեցի դեպի հայտնի անհայտություն՝ բացահայտելու Չինաստանը…
– Ինչո՞վ է չինական կրթական համակարգը տարբերվում հայաստանյանից:
– Չինաստանում բազմաթիվ բուհեր կան, որոնց համակարգն ու մակարդակը տարբեր են: Ինչ վերաբերում է Նանջինգի համալսարանի ասպիրանտուրային, ապա ի տարբերություն հայկական բուհերի՝ այստեղ ասպիրանտուրայում հիմնական շեշտը դրվում է մասնագիտական առարկաների խորացված ուսումնասիրման վրա: Եթե Հայաստանում ասպիրանտը, օրինակ, արևելագիտության կամ միջազգային հարաբերությունների բնագավառում անցնում է հոգեբանություն, ինֆորմատիկա, փիլիսոփայություն, ապա այստեղ շեշտը դրվում է միջազգային հարաբերությունների նորագույն շրջանի մտքի տեսության, համաշխարհային անվտանգության, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Չինաստանի տնտեսական ու քաղաքական արդի հիմնախնդիրների ուսումնասիրման վրա: Համալսարանի գրադարանում հնարավոր է ընթերցել ու ստանալ հայտի միջազգային ամսագրեր ու գրքեր, ժամանակ առ ժամանակ բուհը հյուրընկալում է աշխարհի հայտնի գիտնականների, քաղաքական գործիչների, որոնց հետ անմիջական կապ է ստեղծվում, ու շատ հարցերի պատասխաններ հետազոտողը ստանում է առաջին ձեռքից: Հետաքրքիր է, որ չինացի պրոֆեսորները դասավանդում են չինարեն լեզվով, բայց հետազոտողներին ուսումնասիրման համար առաջարկվող նյութերի զգալի մասն անգլերեն է:
-Ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը Չինաստանից: Կա՞ր արդյոք մշակութային շոկ:
Աշխատանքի բերումով չինացիների հետ առնչվել եմ 2009թ.-ից: Առաջին անգամ գործուղման շրջանակներում Չինաստան եմ ժամանել 2011թ.-ին, որի ժամանակ բանակցություններ էի վարում տարբեր ընկերությունների հետ: Այս ընթացքում ծանոթացա չինական բանակցային արվեստի, սովորությունների հետ: 2012թ.-ին արդեն սովորելու նպատակով Չինաստան վերադարձա ընտանիքիս հետ: Երբ սովորեցինք չինարեն, մենք սկսեցինք հասկանալ իրենց, իրենք՝ մեզ: Չինացիները հիանում ու հանկարծակիի են գալիս, երբ Սաթինեն՝ իմ չորս տարեկան աղջիկը, զրույցի է բռնվում նրանց հետ չինարենով:
Իրականում սկզբնական շրջանում շատ դժվար է, քանի որ չինացիների զգալի մասը չի տիրապետում օտար լեզուների, ու չինարենի իմացությունը Չինաստանում հաջողության հասնելու կարևոր հանգամանք է: Չինացիները սկզբնական շրջանում օտարին դժվար են թողնում իրենց շարքեր, բայց եթե օտարին սկսեն դիտարկել որպես ընկեր, նվիրվում են ու փորձում ամեն հարցում օգտակար լինել: Սկզբից մշակութային շոկ հաճախ էի ապրում. տարբեր է արարողակարգը, օրինակ՝ նրանք չեն սիրում ձեռքսեղմում, մեկը մյուսին իր փոխանցելիս կարող են այն շպրտել, ու դա նորմալ է, բարևին կարող են պատասխանել “էէէյ” վանկարկումով և այլն… Միևնույն ժամանակ կան շատ նմանություններ, օրինակ՝ ընտանեկան, ընկերական հարաբերություններում արարողակարգը նույն է:
-Տարիների ընթացքում փոխվե՞լ է Ձեր կարծիքը երկրի, ժողովրդի մասին: Ինչպիսի՞ ժողովուրդ են չինացիները:
– Չինացիները մեզանից տարբերվում են նրանով, որ չեն սիրում շտապել, ինչը մեր՝ տաքարյուն կովկասցիներիս համար սկզբնական շրջանում ևս մի դժվարություն է: Չինացիները բարի, աշխատասեր, հյուրասեր ազգ են, լավ են պատկերացնում իրենց շահերն ու երբեք չեն զիջում, եթե չեն տեսնում սեփական օգուտը: Առանց կռվի ոչինչ չեն զիջի, բայց հարգում են ուժն ու խելքը… Երևի հենց սա է պատճառը, որ մեծ երկիր ունեն ու նույնիսկ ծովում մի քանի քարակույտի համար պատրաստ են պայքարել: Տաքսու վարորդից մինչև դասախոս լուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին:
-Հայաստանը, հայերը չինացիների համար ճանաչելի՞ են: Ինչպե՞ս են նրանք հայերին վերաբերվում:
– Չինաստանում թե՛ Մերձավոր Արևելքի, թե՛ Արևելյան Եվրոպայի մասին պատկերացումները շատ սահմանափակ են: Չինացիների մեծամասնության համար զարգացած աշխարհը սկսվում և ավարտվում է անգլախոս երկրներով ու մի քանի հարևաններով… Այս բնագավառում, կարծում եմ, ժողովրդական դիվանագիտություն պետք է բանեցվի, այսինքն` հայկական համայնքի անդամները, հայ ուսանողներն իրենց չինացի ընկերներին, ծանոթներին պետք է ներկայացնեն Հայաստանը, հայերի նիստուկացը, պատմությունը, ավանդույթները: Այս խնդիրը լուծելու համար նորաստեղծ հայկական համայնքի ու ուսանողական միության նպատակներն են Չինաստանում ներկայացնել հայկական մշակույթը, լեզուն, պատմությունը:
-Դուք՝ որպես Չինաստանում բնակվող անձ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է հարկավոր անել հայ-չինական հարաբերությունները զարգացնելու համար:
– Առաջին հերթին պետք է հասկանալ Չինաստանը: Հասկանալ, թե որտեղի՞ց է գալիս, ու՞ր է հասել և ու՞ր է գնում: Կարևոր եմ համարում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում չինագիտության ամբիոնի հիմնումը, որը մասնագետներ կսկսի պատրաստել: Ներկայումս Չինաստանում սովորող բազմաթիվ հայ ուսանողներ կան, ովքեր կարող են վերադառնալ ու օգնել այդ կարևոր դպրոցի կայացման գործում: Հայաստանում բազմաթիվ հողատարածքներ չեն մշակվում, իսկ Չինաստանը բացահայտ խնդիր ունի էկոլոգիապես մաքուր սնունդ հայթայթելու հարցում: Կարելի է Չինաստանի հետ բանակցել, որ նա ներդրում կատարի այս հողերը մշակելու համար, իսկ ստացված բերքը վաճառվի Չինաստանին:
-Չինացիները դարեր շարունակ պահպանել են իրենց առանձնահատուկ մշակույթը: Այժմ այդ երկիրն աննախադեպ զարգացում է ապրում, հավակնում է դառնալ գլոբալ գերտերություն: Հաշվի առնելով դա՝ Ձեր կարծիքով ի՞նչը արժե, որ հայերն ընդօրինակեն չինացիներից քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական ոլորտներում:
– Չինաստանին, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, հաջողվեց ձևափոխել տնտեսության կառուցվածքը, ազատականացնել տնտեսությունը, ներգրավել արտասահմանյան կապիտալ` սեփական տնտեսությունը զարգացնելու համար և այլն: Քաղաքական ոլորտում
չինացիներից կարելի է սովորել ուժեղին ու խելացիին լսելու կարողությունը, արժանիին բարձրացնելը:
Տնտեսական ոլորտում կարելի է տնտեսագետների խմբեր ուղարկել ու ուսումնասիրել, թե ինչպիսի պայմաններ են ստեղծվել գործարարների համար, որ ամբողջ աշխարհի գործարար շրջանակները փորձում են իրենց ներդրումները կատարել Չինաստանում: Ի դեպ, Հայաստանում աշխատուժն ավելի էժան է, քան Չինաստանում:
Մշակութային ոլորտում, կարծում եմ, այս երկու ազգերը կարող են հետաքրքիր փոխանակումներ կատարել, օրինակ՝ Շանհայում է բնակվում տաղանդավոր ջութակահար Աստղիկ Պողոսյան, Նանջինգում է տաղանդավոր նկարիչ Սևադա Գրիգորյանը, նրանք ներկայացնում են հայկական արվեստը, որը լավ ընդունելություն է գտնում Չինաստանում:
Սոցիալական բնագավառում Չինաստանում բարեփոխումներ են կատարվում: Նախագահ Սի Ծինփինի կողմից շրջանառության դրված “Չինական երազանք” գաղափարախոսության մեջ հիմնական շեշտը դրված է մարդու բարեկեցության վրա: Ընդհանրապես կարծում եմ, որ վաղուց հնացել է այն գաղափարախոսությունը, թե պետության հիմնական գործառույթը պետության սահմանի ու անվտանգության ապահովումն է. սա քսաներորդ դարի հին միտք է: Պետությունը պետք է աշխատի մարդու համար ու ապահովի մարդուն, չկա ապահով, բարեկեցիկ, պաշտպանված քաղաքացի, չի լինի նաև տնտեսությունը զարգացնողն ու սահմանը պահողը:
Սոցիալական ոլորտում երկու երկրներն էլ ահռելի գործ ունեն կատարելու, քանի որ երկար տարիներ այս երկրներում առաջնայինը եղել է կոլեկտիվի, այլ ոչ թե անհատի բարօրության գաղափարը: Համենայն դեպս Չինաստանում այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են կատարվում, ինչի շնորհիվ բարձրացել է մարդկանց կենսամակարդակը:
– Հայտնի է, որ դարեր շարունակ հայ վաճառականները Չինաստանում առևտուր են արել և հարգանք ու պատիվ վայելել տեղի իշխանությունների մոտ: Կա՞ն արդյոք Չինաստանի պատմության մեջ հայտնի հայեր:
– Չինաստանում հայերը ոգեշնչվում են պրոֆեսոր Ղազարյանի օրինակով, ով հայտնի ու հաջողակ գիտնական էր: Նա է առաջին անգամ Կտակարանը թարգմանել չինարեն: Ոգևորիչ է նաև սըր Խաչիկ Չաթերի օրինակը, ով մեծ կարողության ու հարգանքի էր հասել Հոնգ Կոնգում: Մինչև այսօր Հոնգ Կոնգում նրա անունով կենտրոններ ու փողոց կան: Նա համարվում է Հոնգ Կոնգի արդյունավետ կառավարիչներից մեկը: Այնուամենայնիվ, Չինաստանի տարածքում մի քանի տասնամյակ հայկական համայնք գոյություն չի ունեցել, ու ինչ արվում է, արվում է նոր մտքերի ու գաղափարների հիման վրա, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում համայնքի կյանքը:
– Ինչպե՞ս ստեղծվեցին հայկական համայնքը և ուսանողական միությունը: Ինչո՞վ են հայերը զբաղվում Չինաստանում: Ո՞րն է Չինաստանում համայնք ունենալու կարևորությունը, և որո՞նք են համայնքի նպատակները:
– Հայերի թիվը Չինաստանում սկսեց աճել 2000-ականներից: Որոշ տվյալներով 2013-ին հայերի թիվը հասնում է 900-ի: 2006-2013 թթ.-ին բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին հայաշատ քաղաքներում՝ Հոնգ Կոնգում, Գուանգջոյում, Շանհայում, Շենջենում, Նանջինգում ու Պեկինում: 2013թ.-ը կարևոր էր համայնքի վերջնական կազմավորման համար:
Հայաշատ քաղաքների մի շարք անդամներ ձեռնամուխ եղան համայնքի ղեկավար մարմնի՝ Գործադիր կոմիտեի ու իրավաբանական կազմակերպության ձևակերպման գործին:
Համայնքի կայացմանը մեծ լիցք հաղորդեց բարերարներ Ջեք ու Ջուլի Մաքսեանների նվիրատվությամբ ստեղծված Հոնգ Կոնգի Հայկական կենտրոնը: Հայկական կենտրոնի բացմանը մասնակցեց ու իր օրհնությունը բերեց ՆՍՕՏՏ Գարեգին Բ Կաթողիկոսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Չինաստանում ՀՀ դեսպան Ա. Սարգսյանը, տարբեր երկրների հայկական համայնքների ղեկավարները:Համայնքի ղեկավար Հենրի Արսլանյանի ջանքերի շնորհիվ Գուլբենկյան հիմնադրամը կրթաթոշակ հատկացրեց Չինաստանում Հայկական համայնքի պատմության ուսումնասիրման համար: 2014 թ. ստեղծվեց “Չինաստանի Հայկական ուսանողական միությունը”, որի նպատակն է համախմբել Չինաստանում
գտնվող հայ ուսանողներին, օգնել միմյանց, փոխանակել գիտաժողովների, կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվություն, նպաստել հայ-չինական բարեկամությանը: Ուսանողական միությունն ունի 50 անդամ, որոնք Չինաստան են եկել, թե՛ ՀՀ-ից, թե՛ Սփյուռքից: Տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողները մշտական կապի մեջ են “wechat” սոցիալական ցանցի միջոցով: Ուսանողների անձնական ջանքերով ապրիլի 24-ը ներկայացնող հաղորդագրություններ (փոստեր) պատրաստվեցին չինարեն ու անգլերեն լեզուներով, որոնք տարածվեցին չինական սոցիալական ցանցերում` չինացիներին տեղեկացնելով դարասկզբի առաջին ցեղասպանությունը դատապարտելու ու ճանաչելու անհրաժեշտության մասին:
Չինաստանում հայկական համայնքի մի մասը եկել է արևմուտքից, նրանք երիտասարդներ են, ովքեր ավարտել են արևմտյան լավագույն բուհերը, Չինաստանում աշխատում են միջազգային ու չինական լավագույն կազմակերպություններում՝ որպես իրավաբան, մենեջեր, բժիշկ, հետազոտող և այլն: Մերձավոր Արևելքի երկրներից եկած հայերը մեծ մասամբ գործարարներ ու առևտրականներ են:
Ներկայումս մեծանում է նաև հայաստանցիների թիվը, ինչը կապված է ՀՀ-ից ՉԺՀ եկած ուսանողներով, ովքեր սովորում են լեզուն, ավարտում տեղի բուհերն ու հետո աշխատանք գտնում: Քանի որ չինացիներն ու հայերը կենցաղում որոշակի նմանություններ ունեն, հեշտ են լեզու գտնում, կան նաև հայ-չինական ընտանիքներ:
Կարծում եմ, որ հզորացող Չինաստանում կարևոր է ունենալ միավորված ու հզոր հայկական համայնք: Փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ հայկական համայնքները կազմակերպված են, հայության շահերն ավելի լավ են ներկայացված: Համայնքի ներկայիս նպատակներն են աշխարհի հայտնի բուհերից մեկում Չինաստանի հայկական համայնքի պատմության ուսումնասիրման ասպիրանտական տեղերի հատկացումը, հզոր կայքի ստեղծումը: Չինաստանի Հայկական համայնքը փորձում է համախմբել նաև Հեռավոր Արևելքի փոքրաթիվ մյուս համայնքներին, իր օժանդակությունը բերել Մյանմարի, Բանգլադեշի հայկական եկեղեցիների պահպանման գործում, շարունակել լրագրի տպագրությունն ու ավարտել համայնքին միավորելու հիմնական փուլը, որը հնարավորություն կտա գործել ավելի ակտիվ: Չինաստանում Հայկական համայնքը երիտասարդ է, դինամիկ ու համախմբված:
Leave a Reply