China-Eurasia News Ticker

365news.am Չինաստանը կարող է հարցում անել ՀՀ կառավարությանը բիոլաբորատորիաների վերաբերյալ և ստանալ հստակ պատասխան. Մհեր Սահակյան

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հունիսի 8-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից աշխարհի մի շարք երկրներում հիմնադրված բիոլաբորատորիաները իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում:

365news.am-ը Հայաստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիաների, Չինաստանի մտավախությունների, ԱՄՆ-Չինաստան փոխհրաձգության և այս խնդրահարույց իրավիճակից հնարավորինս շահեկան դուրս գալու ու իրավիճակի լուծումների մասին զրուցել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։

– Ի՞նչ դիրքորոշում պետք է ցույց տա Հայաստանը՝ ո՛չ Չինաստանին, ո՛չ ԱՄՆ-ին չնեղացնելու համար:

– Եթե չեմ սխալվում, բիոլաբորատորիաների հարցն ի սկզբանե բարձրացրել է ռուսական կողմը, երբ նրանք դեռևս մուտք չունեին Հայաստանում գտնվող բիոլաբորատորիաներ, և եթե հաշվի առնենք այս հանգամանքը, որ Չինաստանը և Ռուսաստանը գործում են համատեղ ներկայիս միջազգային հարաբերությունների բարդ իրավիճակում, ապա, կարծում եմ, որ Չինաստանն ուղղակի հետևել է Ռուսաստանի հայտարարությանը:

Մենք գիտենք, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ռուս մասնագետները կարող են ազատ մուտք և ելք ունենալ այդ բիոլաբորատորիաները։ Ինչքան գիտեմ, ռուսական պատվիրակությունն արդեն եղել է ՀՀ բիոլաբորատորիաներում և համոզվել, որ դրանք ծառայում են երկրի առողջապահական անվտանգությունն ամրապնդելու համար։ Հունիսի 8-ին ՉԺՀ ԱԳՆ մամլո խոսնակը, կարծես, չնշեց կոնկրետ Հայաստանին, խոսակցությունը սկսվեց Հարավային Կորեայում գտնվող բիոլաբորատորիաներից։ Եթե կան ինչ-որ մտավախություններ, ապա Չինաստանը կարող է հարցում անել ՀՀ կառավարությանը և ստանալ հստակ պատասխան, այն կարող է ճշտումներ կատարել նաև իր ռուս գործընկերներից, ովքեր արդեն ուսումնասիրություններ են արել Հայաստանում: Այստեղ մենք պետք է հիշենք, որ Հայաստանը սուվերեն պետություն է, և այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանը պատասխանատու երկիր է, ուստի՝ ոչ մի այլ երկրի առջև հաշվետու չէ։ Բիոլաբորատորիաները ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, եթե այլ երկրներ այլ փաստեր ունեն, ապա կարող են հարցը բարձրացնել ըստ Միջազգային իրավունքի, եթե ոչ, ապա Հայաստանն էլ պարտավոր չէ պատասխանել առանց ապացույցների, «եթե»-ներով սկսվող «կասկածներին», որոնք ամրապնդված չեն փաստերով։

– Չինաստանը հենց այդ պատճառաբանությունն էլ բերում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ լաբորատորիաներում վտանգավոր փորձարկումներ են կատարվում, որոնք արգելված են ԱՄՆ-ի տարածքում:

– Նորից հիշենք, որ Չինաստանը կոնկրետ չի նշել Հայաստանին, ուստի՝ մենք պարտավորված չենք դա ընդունել մեզ վրա։ Այստեղ պետք է հիշել, որ Հայաստանի Հանրապետությունն էլ հայտարարել է, որ այդ բիոլաբորատորիաները գործում են զուտ խաղաղ նպատակներով և առողջապահական խնդիրներ են լուծում, սրանով պետք է բավարարվեն բոլոր գործընկեր երկրները: Եթե չկան ապացույցներ, հայտարարությունները կմնան ուղղակի հայտարարություններ:

– Պայմանականորեն ասած՝ ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան այս փոխհրաձգության մեջ ի՞նչ անել, որպեսզի հնարավորինս բարվոք վիճակով դուրս գանք: Այս լարվածությունը զուտ կորոնավիրուսի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման կոնտեքստում է տեղավորվո՞ւմ, թե՞ այլ խորքային խնդիրներ կան:

– Մի փոքր հետ գնանք նաև մյուս հարցին և շարունակենք: Տեսե՛ք, Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և մենք Հայաստանում, իհարկե, մեր դաշնակցին կարող ենք որոշակի թույլտվություն տրամադրել, որպեսզի նրանք մուտք ու ելք անեն Հայաստանի բիոլաբորատորիաներ, մենք կարող ենք քննարկել նաև դրանք միասին օգտագործելու հեռանկարները: Անդրադառանլով Չինաստանին՝ պետք է նշեմ, որ այս երկրի հետ Հայաստանն ունի նորմալ հարաբերություններ, իհարկե, Չինաստանի դերն աշխարհում քանի գնում մեծանում է, և մենք պետք է մտածենք այդ երկրի հետ մեր հարաբերությունների պոտենցիալն ամբողջությամբ զարգացնելու մասին, ինչը հիմա չի արվում։

Եթե դեպքերն այնպես ընթանան, որ Չինաստանը խոսի կոնկրետ Հայաստանում գործող բիոլաբորատորիաների մասին, ապա կարելի է նրանց հետ քննարկել նաև, որ չինացի մասնագետներն էլ մուտք ու ելքի հնարավորություն ստանան Հայաստանին պատկանող բիոլաբորատորիաներ, բայց պայմանով, որի հայ գիտնականներն էլ իրենց հերթին թույլտվություն ստանան մտնել և ուսումնասիրել չինական բիոլաբորատորիաները: Միայն այս դեպքում, պահպանելով հավասարության սկզբունքը, կարելի է շարժվել առաջ, որովհետև Հայաստանն էլ, Չինաստանն էլ անկախ ու սուվերեն երկրներ են, հավասարազոր Միջազգային իրավունքի առջև։

Վերադառնալով Ձեր հարցին՝ պետք է նշեմ, որ տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն։ Սկսած դեռ 2013 թվականից՝ աշխարհը հետզհետե բաժանվում է բևեռների, որի արդյունքում սրվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները, Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները։ Չինաստանն այսօր դարձել է երիտասարդ, երկրորդ գերտերությունը և ձեռնոց է նետում ԱՄՆ-ին։ Վերջինս փորձում է զսպման մեխանիզմներ կիրառել Չինաստանի թռիչքը կասեցնելու համար։ Իհարկե, ԱՄՆ-ն չի ցանկանում կիսել «աշխարհն իշխելու գործը» չինացիների հետ և դա բերում է որոշակի բախումների:

Այսինքն՝ կորոնավիրուս Covid-19-ը սկսվեր, թե՝ ոչ, ԱՄՆ-Չինաստան բախումներն արդեն սկսվել էին: Օրինակ՝ մենք ականատես էինք առևտրային կոնֆլիկտի երկու կողմերի միջև, ինչպես որ արևմտյան մասնագետները սիրում են ասել «առևտրային պատերազմի»: Բայց, իհարկե, Covid-19-ն էլ կողմերն իրար դեմ օգտագործեցին: Չինացիներն ամերիկացիներին մեղադրում են, թե իբր ամերիկացիներն էին բերել այդ վարակն ու տարածել Չինաստանում՝ Վուխանում՝ ռազմական խաղերի ժամանակ, իսկ Վաշիգտոնն էլ իր հերթին Պեկինին մեղադրում է անպատասխանատվության մեջ՝ նշելով, որ նրանք ժամանակին քայլեր չեն ձեռնարկել, ինչի պատճառով բազմաթիվ վարակակիրներ տեղափոխվեցին Եվրոպա, ԱՄՆ, Ասիա և այլ տարածաշրջաններ՝ տարածելով այդ հիվանդությունը:

– Եվ այդ բախումների ժամանակ միշտ կփորձեն ներքաշել առավել փոքր պետություններին, այո՞:

– Իհարկե ոչ միայն մեզ, այլև, տեսե՛ք, ընթանում է նաև դաշնակիցների, համախոհների համախմբում: Չինաստանն իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ փորձում է համախմբել իր համախոհ երկրներին, որոնց հետ կարող է աշխատել, տնտեսական շահն է առաջ դրվում և դրա շնորհիվ նա արդեն ստեղծում է ֆինանսաբանկային, տնտեսական, քաղաքական մի առանձին բևեռ:

ԱՄՆ-ն իր հերթին փորձում է պահպանել իր դիրքերը որպես աշխարհի հզորագույն երկիր: Ռուսաստանն էլ ստեղծել է ԵԱՏՄ-ն, որով նա փորձում է իր կողմը համախմբել դաշնակիցներին և որոշակիորեն հզորացնել իր պոտենցիալը՝ հետագայում նաև ուժային բևեռ դառնալու համար: Այսինքն՝ այս բաժանումները աշխարհում դեռ կշարունակվեն և դա կբերի նաև բախումների՝ հուսանք ոչ պատերազմների:

Հայաստանը պետք է ակտիվացնի իր քաղաքական կապերը ԱՄՆ-ի, Չինաստանի հետ, այս ուղղություններում զգալի պասիվություն է, ամրապնդի համագործակցությունը Ռուսաստանի հետ, շարունակի համագործակցությունը ԵՄ-ի հետ։ Պետք է նաև հատուկ ուշադրություն դարձնել արագորեն զարգացող Հնդկաստանի հետ կապերն ամրապնդելու վրա, որտեղ ահռելի պատմամշակութային ներկայություն ունենք։

Զրուցեց Հայկա Ալոյանը

Աղբյուրը՝ https://www.365news.am/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: