5

Մեծ Բրիտանիայի Taylor & Francis-ը հրատարակել է Մհեր Սահակյանի հեղինակած «Չինական և եվրասիական միջազգային հարաբերությունների Ռոութլեջի ձեռնարկը»

2024 թ.  հուլիսի 26-ին բրիտանական աշխարհահռչակ Taylor & Francis-ը հրատարակել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհդրի տնօրեն, դոցենտ, ք.գ.թ. Մհեր Սահակյանի հեղինակած և խմբագրած Չինաստանի և եվրասիական երկրների միջազգային հարաբերությունների վերաբերյալ Ռոութլեջի ձեռնարկը: Ձեռնարկի պատրաստման աշխատանքներին մասնակցել են գիտնականներ աշխարհի 20 երկրներից: Տարբեր լեզուներով աղբյուրների ուսումնասիրումը, տեսակետների բազմազանությունը  հարստացրել են ձեռնարկը, ընձեռել են հնարավորություն՝ ընդգրկելու հսկայական աշխարհագրություն վերաբերյալ հետազոտություններ: Այս ֆունդամենտալ աշխատությունը խորությամբ ուսումնասիրում է Չինաստանի հարաբերությունները Եվրասիական մայրցամաքի տարածաշրջանների և երկրների հետ Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում, Չինաստանի հետաքրքրությունները հետխորհրդային Եվրասիայում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Արկտիկայում: Այն նաև ուսումնաիրում է Չինաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության, ՆԱՏՕ-ի և այլ խաղացողների հետ: Մասնագետները դիտարկել են «Մեկ գոտի,  մեկ ճանապարհ» նախաձեռնության  ազդեցությունը միջազգային տնտեսական և տրանսպորտային միջանցքների վրա, հետազոտել են «Թվային մետաքսի ճանապարհի» և էլեկտրոնային կառավարման դերը: Ձեռնարկը պարունակում է նաև պաշտոնական փաստաթղթեր, որոնք մանրամասնում են Չինաստանի և Եվրասիական մի շարք պետությունների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը, ինչը գիրքը դարձնում է դիվանագիտական ​​հետազոտությունների հեղինակավոր աղբյուր:

Ինչպես նշել է Հոնկոնգի քաղաքային համալսարանի «Կայուն Հոնկոնգ» հետազոտական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լինդա Չելան Լին. ««Չինական և եվրասիական միջազգային հարաբերությունների Ռոութլեջի ձեռնարկը» իրատեսական և հիմնավորված վերլուծություն է տալիս եվրասիական տարածաշրջաններում տիրող աշխարհաքաղաքական և տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ: Հատկապես արժանահիշտակ են այն գլուխները, որոնք գրվել են տեղացի գիտնականների կողմից: Շնորհավորում եմ խմբագրին՝ ք.գ.թ. Մհեր Սահակյանին, և գիտնականներին՝ միջազգային հարաբերությունների և զարգացման այս կարևոր թեմայի վերաբերյալ գրականության մեջ ժամանակին լրացում կատարելու առթիվ»:

Կրակովի Յագելոնյան համալսարանի Միջազգային հետազոտությունների և զարգացման կենտրոնից դոկտոր, պրոֆեսոր Էմիլիան Կավալսկին ընդգծել է, որ Մհեր Սահակյանի խմբագրած ձեռնարկն առաջարկում է Եվրասիական մայրցամաքում Չինաստանի ներդրումների, ենթակառուցվածքային նախաձեռնությունների ողջ սպեկտրի վերաբերյալ համոզիչ, մտածված և մանրակրկիտ վերլուծություն: «Հիմնվելով գիտելիքահեն, խորը, կոնկրետ հետազոտությունների վրա՝ ձեռնարկը մանրամասն նկարագրում է աշխարհում Չինաստանի աճող հետքի ներկայիս և ապագա հավանական ուղղությունները: Ձեռնարկը հրատարակվում է ճիշտ ժամանակին: Առաջ քաշված պատկերացումների և էմպիրիկ շրջանակի շնորհիվ այս անգնահատելի ձեռնարկը կարևոր ռեսուրս կդառնա գիտնականների, դիվանագետների, գործարարների և ուսանողների համար»:

Հոնկոնգի Բապտիստական Համալսարանի Դեյվիդ Լամի անվան «Արևելք-Արևմուտք» ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, դոկտոր, դոցենտ Կեվին Լամը նշել է, որ «Չինական և եվրասիական միջազգային հարաբերությունների Ռոութլեջի  ձեռնարկն» առաջարկում է ճիշտ ժամանակին, համապարփակ վերլուծություն: Գիրքը ներկայացնում է Եվրասիայի գիտնականների համատեղ աշխատանքը՝ ընդգրկելով տասը բաժին և 30 գլուխ, որոնք ապահովում են Չինաստան-Եվրասիա հարաբերությունների հետագծի վերլուծությունը նոր աշխարհակարգի իրողությունում:

«Չինաստանի և գլոբալիզացիայի կենտրոնի» ավագ գիտաշխատող, ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի «Կայուն բիզնես» ցանցի նախկին փոխնախագահ Դոկտոր Դեյվիդ Մորիսը, նշել է. «Որոշումներ կայացնողների, բիզնեսի, գիտնականների և այլ միջազգային դերակատարների համար չափազանց կարևոր է հասկանալ ձևավորվող Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ը, իսկ «Չինական և եվրասիական միջազգային հարաբերությունների Ռոութլեջի ձեռնարկը» լուրջ ներդրում է կատարում՝ առաջարկելով Չինաստանի Եվրասիական քաղաքականության, տնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում նոր դերակատարման վերաբերյալ ընդգրկուն, ճշգրիտ, ժամանակին վերլուծություն։ Միջազգային հեղինակների թիմն այս ձեռնարկը դարձնում է հուսալի աղբյուր, քանի որ այն ներառում է արևմտյան, արևելյան, հյուսիսային և հարավային առաջատար համալսարանների և ուղեղային կենտրոնների կայացած գիտնականների հետազոտությունները»:

Մհեր Սահակյանը շնորհակալություն է հայտնել ձեռնարկի համահեղինակներին: Նա ընդգծել է, որ այս արդյունքը հնարավոր է դարձել քրտնաջան, թմային աշխատանքի և նվիրման շնորհիվ։ Սահակյանը հավելել է, որ իրենց միջազգային թիմն ապացուցել է, որ նույնիսկ աշխարհաքաղաքական դժվարին պայմաններում հնարավոր է միասին համագործակցել և հետագա համակեցության ուղիներ գտնել։ Նա կարևորել է Ռոութլեջի ավագ  խմբագիր, պարոն Ռոբ Սորսբիի դերը, շնորհակալություն է հայտնել նրան արժեքավոր առաջարկությունների և աջակցության համար:

Այս ֆունդամենտալ աշխատությունը արդեն իսկ հետաքրքրություն է առաջացացրել համալսարանների, որոշում կայացնողների,  գործարարների, գիտնականների և ուսանողների շրջանակներում: Այն արդեն ինդեքսավորվել է Scopus միջազգային գիտական շտեմարանի կողմից:

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading